am

Սպիտակ աղավնիները Հանրապետության երկնքում

Այս տարվա ապրիլի 23-ը էականորեն տարբերվում էր բոլոր ապրիլի 23-ներից, որ տեսել էր Երևան քաղաքը և առհասարակ Հայաստանը և կամ հայ ժողովուրդը: Տարբեր էր իր տրամադրությամբ, այն լեցուն էր պայքարով, ցավով, հույսով, սիրով...
 
Անշուշտ այն տարբեր էր բոլորի համար, հատիկ առ հատիկ: Սովորաբար այդ օրը երեկոյան սկսում էին հիշատակի արարողությունները կապված 1915-ի իրադարձությունների հետ:
 
Ապրիլի 22-ի երեկոյան հանրահավաքի ժամանակ երկինք արձակվեցին աղավնիներ: Բնականաբար խորհրդանշում էին խաղաղություն: Օրվա ելույթները բազմազան էին, բայց սովորականների պես չէին՝ այդ օրն առավոտյան ձերբակալվել էր շարժման հիմնական ղեկավար Նիկոլ Փաշինյանը, սակայն ժողովուրդը եկել էր կրկին ու կրկին անգամ գերազանցել նախորդ օրվա թվաքանակը:
 
Հրանտ Դինքը մի հայտնի հոդված ունի գրած՝ ապրիլ 23.5, ուր նա խոսում է ապրիլի 23-ի ու 24-ի բացառիկության մասին, նախ խոսելով, թե օրն ինչ է նշանակում իր համար, որպես հայ, որպես Թուրքիայի քաղաքացի, իսկ այդ օրը Թուրքիան նշում է երեխաների օրը, և ապա որպես մարդ, ով այդ օրն ամուսնացել էր և ապրիլի 23-ի և լույս 24-ի գիշերը հայր դարձել:
 
Ապրիլ 23 և կես: Տարիներ շարունակ այդ օրը հայերիս համար եղել էր հիշատակության օր՝ հիշողություններով ու երազանքներով լեցուն մի օր: Այս անգամ այն տարբեր էր՝ էականորեն տարբեր: Հրաժարական էր տվել վարչապետը և կամ նախկին նախագահը՝ Սերժ Սարգսյանը: Ազատ էր արձակվել Նիկոլ Փաշինյանը մեկօրյա ձերբակալությունից հետո, երբ  Հանրապետության հրապարակում նրա սպասված ելույթը փոխարինվել էր ճերմակ աղավնիների թռիչքով: Նախկին ապրիլ 23-ներից և 24-երից մնացել էին միայն համեմատությունները վատ քաղաքական գործչի և թուրքի միջև:
 
Սովորաբար հեղափոխությունները լեցուն են վրեժխնդրության ու ատելության կոչերով ու նկրտումներով: Իսկ այս մեկը ընդհակառակը՝ զուրկ էր այդ ամենից:
 
Ապրիլ 23-ն ու 24-ը միասին և կամ ապրիլ 23 ու կեսը այլևս խորհրդանշում է խաղաղություն:
 
Մայիսի 8-ին Ազգային ժողովում կընտրվի վարչապետ ժողովրդի թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը: Ինչ կլինի դրանից հետո, փոփոխությունների ինչ տարափ կլինի կամ չի լինի, հստակ ոչ ոք ասել չի կարող: Սակայն մի բան պարզ է, որ օրեր ի վեր ճերմակ աղավնիները սավառնում են արդեն ոչ միայն Հանրապետության հրապարակում, այլ նաև այն բոլոր քայլերում ու պահանջներում, որ ուղղված են փոխելու ամենը դեպի լավը:
 
«Այնուամենայնիվ հարկ կհամարեմ նշել Հրանտ Դինքի հայտնի արտահայտությունը վերաբերող հայ-թուրքական հարաբերություններին՝ այս դեպքում վերագրելով այն լոկ մեզ՝ հայերիս:
 
Մեր նախնիները անցեալին լաւ կամ գէշ գրեցին իրենց վիճակուած էջերը։ Հիմնական հարցն այն է, թէ մենք այսօր ինչպես պիտի գրենք այս սպիտակ էջերը:»
 
 
Հեղինակ՝ Արծրուն Պիվազյան
 

 

07.05.2018

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

bool(true)